Հոկտեմբերի 23-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2010թ.-ի հուլիսի վերջին «Մեհրաբներ» կոչվող զորամասի մարտական դիրքերից մեկում մահացած 31-ամյա սպա Արտակ Նազարյանի գործով դատավարությունը:
Հերթական նիստին քննության առնվեցին տուժող կողմի միջնորդությամբ պահանջված փաստաթղթերը. Նազարյանի զորամասի հրամանատարի հրամանագիրքը, զորամասի հրամանատարի կողմից` մահվան վայրը հանդիսացող մարտական դիրքի բոլոր զինվորներին կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանագրերը:
Դատավոր Ս. Մարդանյանը նշեց, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը ստացվել են գաղտնի ռեեստրով, պարունակում են ռազմական գաղտնիք ուստի` դատական նիստը շարունակվեց դռնփակ: Դատարանի այս որոշմանը իրավական գնահատական տվեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցից Մուշեղ Շուշայանը: Նա նշեց, որ ՀՀ-ում գործում է պետական և ռազմական գաղտնիքի մասին օրենքը, և այն կարգավորում է ռազմական գաղտնիքի վերաբերյալ բոլոր խնդիրները` սահմանելով, թե որն է ռազմական կամ պետական գաղտնիքը, սահմանվում է դրանց ռեժիմները և այլն:
«Այսօր մենք ականատես եղանք, թե ինչպես այդ օրենքների լիակատար անտեսմամբ` դատարանը հայտարարեց, որ գաղտնիք է և վերջ, առանց օրենքի կոնկրետ դրույթի մատնանշման», ընդգծեց տուժողի ներկայացուցիչը` հավելելով, որ տեղեկատվության սահմանափակումը կարող է կատարվել միայն սահմանադրությամբ նշված դրույթներով և միջազգային մի շարք պայմանագրերի հիման վրա:
Սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ, և այդ նպատակները շարադրած են սահմանադրության 43 հոդվածում, և եթե անգամ առկա է իրավաչափ նպատակ այն պետք է անհարժեշտ լինի ժողովրդավար հասարակությունում:
«Այսինքն եթե անգամ ազգային անվտանգության շահերով է պայմանավորված նշված տեղեկության սահմանափակումը , ապա դատարանը պետք է ապացուցի, որ այդ շահը գերակա է հանրության տեղեկատվություն ստանալու շահի նկատմամբ և միայն սրանով կարող է հիմնավորվել տեղեկատվության սահմանափակումը: Այս դեպքում որևէ նման փաստարկ կամ հիմնավորում չի բերվել և, փաստորեն, դատարանը բացահայտ կամայականության դիմեց», նշեղ Մուշեղ Շուշանյանը:
Խոսելով դռնփակ նիստում ուսումնասիրված նյութերի մասին` տուժողի ներկայացուցիչը նշեց, որ դրանց ուսումնասիրությունից այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչն էր այդտեղ ռազմական գաղտնիք պարունակում, որովհետև նման բան չկար: Նա նշեց, որ դրանք ընդամենը քաղվածքներ էին զորամասի հրամանատարի հրամաններից` զինծառայողներին կարգապահական տույժի ենթարկելու մասին:
«Զինծառայողներին շաբաթներ շարունակ ապօրինի զրկել են ազատությունից և այս հանցագործությունը կոծկելու համար այժմ կատարել են մեկ այլ հանցանք, այսինքն կազմվել են կեղծ հրամաններ, կեղծ հրամանագիրք:»
Ըստ փաստաբանի` հանցանքի մասնակից է դարձվել զորամասի նախկին հրամանատար Ղազարյանը, որը բացի այն որ ստորագրել է այդ կեղծ փաստթաթղթերի տակ, նաև դատարանում է կեղծ ցուցմունքներ տվել, թե իբր ինքը իրոք կարգապահական տույժի է ենթարկել զինծառայողներին:
«Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցուց տվեց, որ բոլոր 11 զինծառայողները ուղարկվել են կալանատուն ներքին ծառայության կանոնադրության կանոնները խախտելու համար: Սակայն կոնկրետ, որ խախտումների և ինչ բնույթի խախտումների մասին է խոսքը գնում, բնականաբար, պարզ չդարձավ, որովհետև բոլոր դեպքերում նշված էր նույն ստանդարտ արտահայտությունը. ներքին ծառայության կանոնադրության կանոնները խախտելու համար:»
Մուշեղ Շուշանյանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ փաստի վրա, որ զինծառայողների մի մասը կալանատուն են ուղարկվել երկու անգամ , իսկ սպաների համար կալանատունը որպես տույժի տեսակ կարող է կիրառվել առավելագույնը երեք օրով: Գործով անցնող երկու մեղադրյալ սպաները`Հակոբ Մանուկյանը և Վահագն Հայրապետյանը, երկուսն էլ երեքական օրով, երկու տարբեր հրամաններով ուղարկվել են կալանավայր:
«Գոյություն ունի իրավունքի մեջ գործող հանրաճանաչ սկզբունք, որ մեկ անձը նույն արարքի համար չի կարող կրկնակի դատվել: Մենք, իհարկե, կարող ենք ենթադրել, որ սպաները տարբեր զանցանքների համար են ուղարկվել կալանատուն, սակայն զորամասի հրամատարը իր ցուցմունքներում մեզ նման բան չի հայտնել», նշեց փաստաբանը:
Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ մարտական դիրքերում գործում են ոչ թե ներքին ծառայության կանոնները, այլ մարտական ծառայության կանոնները, հետևաբար այդ զինվորները չէին կարող խախտել ներքին ծառայության կանոնները:
Մուշեղ Շուշանյանն էլ նշեց, որ ամենակարևոր հանգամանքերից մեկը այստեղ այն է, որ կալանավորված զինվորներից որևէ մեկին տեղյակ չի պահվել, որ իրեն կարգապահական տույժի են ենթարկում և նա գտնվում է ռազմական ոստիկանությունում այդ պատճառով:
«Բոլոր այդ զինվորները դատարանում հայտնել են, որ իրենց ՌՈ-ում պահել են Արտակ Նազարյանի մահվան (որոշներն էլ ասել էին սպանության) հետ կապված: Եվ այդ զինվորների` ՌՈ-ում տված բոլոր բացատրությունները վերաբերում են Արտակ Նազարյանի մահվանը, և ոչ մեկը չի վերաբերում ներքին ծառայության կանոնները խախտելուն:»
Մուշեղ Շուշանյանը նշեց, որ զորամասից ուղարկված գրությունից հայտնի է դարձել ևս մի կարևոր հանգամանք, որ ծառայական քննություն չի կատարվել:
«Իրականում, կարգապահական և քրեական պատասխանատվության ընթացակարգերի միջև էական տարբերություն չկա, այսինքն ամեն դեպքում անձին պետք է տրվի պաշտպանվելու հնարավորություն: Մինչ կալանատուն ուղարկվելը անձին պետք է բացատրվեր, թե ինչ խախտում թույլ տալու համար է նա կալանքի ենթարկվում, նրան պետք է տրվեր արտահայտվելու հնարավորություն և այլն: Այս դեպքում որևէ նման բան չկա, խախտվել է այդ զինվորների պաշտպանական իրավունքը:»
Հրամանագրքի վերաբերյալ Մուշեղ Շուշանյանը նշեց. «Զորամասի հրամանատարի հրամանագիրքը, որը ներառում էր 2010թ.-ի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածը, շատ կասկածելի հրամանագիրք էր, շատ թարմ տեսք ուներ դեռևս թաց թանաք էր առկա էջերի վրա և հպվելիս, անգամ հետք էր թողնում մատի վրա:»
Փաստաբանը նշեց, որ հրամանագիրքը բաղկացած էր 56 համարակալված թերթերից, սակայն գրառումները հասնում էին մինչև 42-րդ թերթը, այսինքն 14 թերթ ազատ էր մնացել, ինչը նույնպես հիմնավորում է տուժող կողմի այն կասկածը, որ դա բոլորովին վերջերս կազմված հրամանագիրք է: Շուշանյանը նշեց նաև, որ իրենք ցանկացել են ստանալ ներկայացված փաստաթղթերի պատճենները, սակայն դատարանը մերժել է` հիմնավորելով, որ դրանք ստացվել են գաղտնի ռեեստրով, սակայն իրականում դատարանից բացի որևէ մեկը չի կարող որոշել, թե դրանք գաղտնի են, թե գաղտնի չեն:
«Այս գաղտնիության քողը նպատակ ունի դատավարության այս էտապը անցկացնել հնարավորինս անաղմուկ և արագ, դրա համար էլ նրանք չեն ցանկանում, որ փաստաթղթերի պատճենները տրվեն մեզ: Այսինքն քանի որ այդ զինվորները բոլորը ապօրինի կերպով են զրկվել ազատությունից և նրանց տված բոլոր ցուցմունքները անթույլատրելի ապացույցներ են, դրա համար էլ այժմ շահագրգիռ կողմը այդ խնդիրն է լուծում և փորձում է չեզոքացնել անթույլատրելի ճանաչելու հնարավորությունը:»
Փաստաբանը նշեց նաև, որ ինքը համզոված է, որ բոլոր այն փաստաթղթերը, որոնք իրենք այսօր ուսումնասիրեցին դրանք բոլորը կեղծ փաստաթղթեր են:
Դռնփակ նիստում նյութերի ուսումնասիրությունը, իսկ այնուհետև զորամասի նախկին հրամանատար Ղազարյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հոկտեմբերի 24-ին:
http://www.lragir.am/index/arm/0/right/view/73462
No comments:
Post a Comment