Thursday, November 8, 2012

«Խղճալի աչքերով նայում եք դատավորին, որ Ձեզ ցեխի միջից դուրս քաշի»

«Խղճալի աչքերով նայում եք դատավորին, որ Ձեզ ցեխի միջից դուրս քաշի»

  • Իրավունք - 08 Նոյեմբերի 2012, 11:55

«Դատավարությունը թևակոխել է կացնային արդարադության փուլ», սպա Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստից հետո հայտարարեցին Նազարյանի ներկայացուցիչները: Ինչպես նշեցին վերջիններս` նման հայտարարության պատճառ են հանդիսանում դատարանի` ի դեմս դատավոր Սամվել Մարդանյանի խիստ կողմնակալ և անօրինական որոշումները: Տուժող կողմի ներկայացուցիչները նշեցին, որ նման «կացնային» քաղաքականությունը նպատակ ունի արագորեն ավարտել դատավարությունը`այդպես էլ չբացահայտելով իրականությունը:
«Դատարանն ունի միայն մեկ նպատակ. նա ցանկանում է րոպե առաջ անցնել խորհրդակցական սենյակ և իր կնիքով հաստատել մեղադրական եզրակացությունը»:
Այս նիստին դատավոր Մարդանյանը աչքի ընկավ իր «մերժողականությամբ»: Մերժվեցին մի շարք միջնորդություններ, որոնք ըստ տուժող և պաշտպանական կողմերի պետք է լույս սփռեին սպայի մահվան իրական հանգամանքների վրա և հիմնովին փոխեին գործի ընթացքը:
Մերժվեց ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանի`կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությունը: Հիշեցնենք, որ հոգեբան-փորձագետ Էլդա Գրինի եզրակացությամբ հաստատվել էր այն վարկածը, որ Արտակ Նազարյանը կարող էր ինքնասպանություն գործել հինգ ամբաստանյալների գործողությունների արդյունքում: Սրան առարկում են թե տուժող և թե պաշտպանական կողմերը`նշելով, որ փորձագետը չէր կարող տալ ճշմարիտ եզրակացություն, քանի որ նա տեղյակ չի եղել Նազարյանի մահվանից ոչ շատ առաջ տեղի ունեցած իրադարձություններին:
«Փորձագետն իրեն կույրի տեղ է դրել և չի անդրադարձել Նազարյանի մահվանից վեց ժամ առաջվա դեպքերին, բռնության փաստին», ասաց տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը: Նշված կողմերը պնդում են նաև, որ նախաքննական մարմինը փորձագետին ներկայացրել է փաստեր, որտեղ այլափոխված են եղել Նազարյանին բնութագրող տարրերը և նա ներկայացվել է թույլ և ոչ կայուն անձ, այնինչ դատարանում վկաների ցուցմունքները փաստեցին հակառակը:
Հակոբ Մանուկյանի պաշտպանը նշեց նաև, որ Նազարյանը չէր կարող ինքնասպանություն գործել իր պաշտպանյալի հետ ութ օր առաջ տեղի ունեցած վեճի պատճառով, քանի որ այդ վեճն ավարտվել էր ձեռքսեղմումով և ըստ էության` կոնֆլիկտը հարթված էր:
Նշենք, որ այս միջնորդության մերժմանը կողմ էին միայն մեղադրող դատախազները, որոնք անիմաստ համարեցին կրկնակի փորձաքննությունը`նշելով, որ առկա հարցերի պատասխանները տրվել են նախորդ փորձաքննության եզրակացության մեջ: Տուժող կողմի ներկայացուցիչները հայտարարեցին, որ դատախազը, փաստորեն, փորձագետ Էլդա Գրինից ավելի լավ փորձագետի տեղ է դրել իրեն, քանի որ նույն Գրինը մամուլում չէր բացառել իր սխալված լինելու հնարավորությունը, իսկ դատախազներն ու դատարանը նրան համարում են անսխալական:
«Դատախազությունը լինելով նախաքննության վերահսկիչ մարմին`ցանկանում է բացառել կրկնակի փորձաքննությունը, քանի որ դա մահացու հարված կլինի արդեն տապալված գործին: Իսկ դատախազը անձնական շահադիտական նկատառումներով չի ցանկանում փոխել մեղադրանքը», հայտարարեց Ռուբեն Մարտիրոսյանը:
Փաստաբան Հրանտ Գևորգյանն էլ, անդրադառնալով դատախազ Հարություն Հարությունյանին, ասաց. «Խղճալի աչքերով նայում եք դատավորին, որ Ձեզ ցեխի միջից դուրս քաշի»:
Նշենք, որ դատարանը միջնորդությունը մերժեց`հայտարարելով, որ նմանատիպ միջնորդություն արդեն եղել է  և այժմ չեն ներկայացվել նոր հիմքեր: Շարունակելով մերժումների շարքը`դատարանը մերժեց նաև պաշտպան Գևորգյանի ու Ղասաբողլյանի հաջորդ միջնորդությունը ևս: Այն վերաբերում էր Նազարյանի օրգանիզմում հայտնաբերված ալկոհոլի առկայությանը: Նախաքննական մարմինը չէր պարզաբանել Նազարյանի գինովցածության հանգամանքներին, թե ինչ կերպ է դա տեղի ունեցել և ինչ կապ կարող էր ունենալ վերջինիս մահվան հետ, ուստի միջնորդվում էր գործից մաս անջատել  և պարզել այս հանգամանքը:
Դատավոր Մարդանյանը անգամ քննարկման առարկա չդարձրեց այս միջնորդությունը`նշելով, որ այն ժամանակին հարուցված չէ և կանդրադառնա այս հարցին խորհրդակցական սենյակում: «Դուք փորձագետ  չեք, որ խորհրդակցական սենյակում որոշեք այս հանգամանքները: Դուք դատարան կոչվելու իրավունք չունեք», հայտարարեց Ռուբեն Մարտիրոսյանը:
Դատարանը նույն պատճառաբանությամբ քննարկման առարկա չդարձրեց նաև մյուս ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լյովա Պողոսյանի միջնորդությունը: Վերջինս միջնորդում էր նշանակել Նազարյանի մահվան վայրը հանդիսացող «Ղոզլու» հենակետի խոհանոցի, գետնատնակի, ծխարանի զննում, վերականգնել հերթապահության դասավորումը`ներգրավելով դեպքի ժամանակ դիրքում եղած բոլոր զինվորներին: Սա նպատակ ուներ պարզելու նախաքննությամբ նշված որոշ փաստերի հնարավորինությունը:
Տուժող կողմը ներկայացրեց միջնորդություն` կատարելու Նազարյանի զրահաբաճկոնի դատաձգաբանական փորձաքննություն: Այս զրահաբաճկոնը ուսումնասիրվել էր դատարանում, և տուժող կողմի պնդմամբ նրա վրա առկա են եղել երկու անցքեր, որոնք տեսականորեն կարող էին լինել հրազենի կրակոցի հետքեր: Միջնորդվում էր պարզել, թե արդյոք դրանք հրազենային հետքեր էին, եթե այո ապա ինչ զենքով, ինչ հեռավորությունից և այլն:
Ռուբեն Մարտիրոսյանը կասկած հայտնեց, որ այս զրահաբաճկոնը հնարավոր է եղել է Նազարյանի հագին, սակայն հավանական սպանությունից հետո հանվել է: Նա նշեց, որ Նազարյանը մշտապես դիրք է գնացել այդ զրահաբաճկոնով և խիստ կասկածելի է, որ մահվան օրը նա զրահաբաճկոնը չի կրել:
Դատավորը այս միջնորդությունը ևս մերժեց`հայտարարելով, որ այն անհիմն է և չպատճառաբանված: Սա խիստ զայրույթ առաջացրեց տուժող կողմի ներկայացուցիչների մոտ որոնք նշեցին, որ դատավորը խեղաթյուրում է փաստերը, նենգափոխում և անօրինաբար մերժում միջնորդությունները: Հետևեց նաև ինքնաբացարկի միջնորդություն:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ դատավորը  ակնհայտ կամայական և անօրինական որոշումներ է կայացնում, միջնորդությունների մերժումը և դրանց պատճառաբանությունները վկայում են նրա անձեռնահասության մասին:
«Դատարանը ներկայացնում է ոչ կոմպետենտ հիմքեր, նրա ներկայացրած հոդվածները հիմք են տալիս ենթադրելու, որ դատարանը իրավական համաչափ գիտելիքների չի տիրապետում», հայտարարեց Շուշանյանը: Վերջինս վկայակոչելով քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածներ` պարզաբանեց դատավորին իր լիազորությունները և թույլատրելի բոլոր միջոցներով գործում իրականությունը պարզելու պարտականությունը:
Ռուբեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ դատարանը կատարում է ակնհայտ հանցագործություն և նա որևէ վստահություն չի ներշնչում, որպես արդարադատություն իրականացնող մարմին:
Դատավորը քննության չառավ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը`նշելով, որ նման միջնորդություն արդեն եղել է, իսկ նոր հիմքեր չեն ներկայացվել: Դատավորի այս գործողությանը պատասխանեց Մուշեղ Շուշանյանը` նրան ևս մեկ բացարկ հայտնելով, այս անգամ նախորդ բացարկը քննության չառնելու համար:
Փաստաբանը նշեց, որ բացարկի միջնորդության մասին որոշումը պետք է կայացվի խորհրդակցական սենյակում`անկախ նրանից քննության առնվում է, թե ոչ: Դատավորը այս ինքնաբացարկը ևս քննության չառավ: Սպասեցնել չտվեց նաև երրորդ ինքնաբացարկի մասին միջնորդությունը, որն այս անգամ ներկայացրեց Ռուբեն Մարտիրոսյանը:
«Դուք առաջնորդվում եք ոչ թե օրենքով, այլ ինչ որ տեղից եկած հրամաններով», հայտարարեց Մարտիրոսյանը և նշեց, որ այդ հիմքերով իրենք երբևէ ինքնաբացարկ չեն հայտնել, և դատավորը պարտավոր է այն քննության առնել: Սա ևս մերժվեց:
Նշենք, որ հեռու չէր նաև դատավորին ուղղված չորրորդ ինքնաբացարկի միջնորդությունը, որը պատրաստվում էր ներկայացնել պաշտպան Հրանտ Գևորգյանը, սակայն դատավորի առաջարկով`այն թողնվեց մյուս դատական նիստին, որը նշանակվեց նոյեմբերի 13-ին:

No comments:

Post a Comment