Thursday, November 8, 2012

քրգործ հարուցել քննիչի և դատավորի նկատմամբ

Գլխավոր դատախազին խնդրել են քրգործ հարուցել Արտակ Նազարյանի գործով քննիչի և դատավորի նկատմամբ

2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի անդամ Ռուբեն Մարտիրոսյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղարկել է հաղորդում հանցագործության մասին, որում խնդրում է քրեական գործ հարուցել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ, սույն գործով դատավոր Սամվել Մարդանյանի և գործով քննիչ Լևոն Պետրոսյանի նկատմամբ:
Նա իր հաղորդման մեջ հիշեցնում է, որ Արտակ Նազարյանի մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որի հետ համաձայն չէ տուժող կողմը, ինչպես նաև արձանագրում այն փաստերը, որոնք կարող են հիմք հանդիսանալ Մարդանյանի և Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու համար:
«Քրեական գործով կատարվել է միակողմանի, կեղծ, իր հիմքում հանցավոր նախաքննություն, ինչի մասին ես Ձեզ բազմիցս տեղեկացրել եմ:
Գործով վկաներ Ռաֆայել Էվոյանը և Սմբատ Սարգսյանը դատարանում հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքից և հայտնեցին, որ գործով քննիչ Լևոն Պետրոսյանն իրենցից խաբեությամբ կորզել է կեղծ ցուցմունք: Նրանք ասել են այլ բան, քննիչը գրել է բոլորովին այլ բան, իսկ վերջում քննիչը նրանց չի տրամադրել հարցաքննության արձանագրությունը ընթերցելու համար: Նկատենք, որ այս կեղծ ցուցմունքների օգնությամբ քննչական մարմինը դիտավորյալ սպանությունը ներկայացրել է որպես ինքնասպանություն», — գրում է Մարտիրոսյանը՝ խնդրելով ստուգել իր տրամադրած տեղեկատվությունը և Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցել պաշտոնական լիազորությունների չարաշահման համար:
Անդրադառնալով Մարդանյանին՝ Մարտիրոսյանն ընդգծում է, որ վերջինս պարտավոր էր միջնորդել դատախազությանը, որպեսզի փաստով հարուցվեր քրեական գործ, սակայն «դատավորը, ակնհայտորեն ձգտելով կոծկել նախաքննական մարմնի կողմից կատարված այս և մի շարք այլ հանցագործությունները, դա չի արել»:
«Նկատենք, որ այս կեղծ ցուցմունքների  օգնությամբ քննչական մարմինը դիտավորյալ սպանությունը ներկայացրել է որպես ինքնասպանություն»,- նշել է Ռուբեն Մարտիրոսյանը՝ խնդրելով Մարդանյանի նկատմամբ քրեական գործ հարուցել պաշտոնական լիազորությունների չարաշահման և հանցագործությունը պարտակելու համար:

http://epress.am/2012/11/08/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A4%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A6%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%B6%D5%A4%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A5%D5%B6-%D6%84%D6%80%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE-%D5%B0%D5%A1.html

No comments:

Post a Comment