Tuesday, January 29, 2013

«Զինված ուժերում շարունակում են ծառայել մի շարք հանցագործներ, ովքեր պիտի ճաղերի հետեւում լինեին»


   
Հարցազրույց «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Ծովինար Նազարյանի հետ
Ծովինար, ինչպիսի՞ն է այսօրվա մեր բանակն իրականում:
— Բանակը նախեւառաջ փակ է հասարակության տեսադաշտից, բայց մյուս կողմից այն բաց է այն առումով, որ մեր բոլորի ընտանիքիները առնչվում են բանակին եւ իրականում բանակը հենց մենք ենք, մեր ընտանիքներն են, մեր եղբայրներն են:
Իհարկե, բանակում գոյություն ունեն արատավոր երեւույթներ, եւ դրանց պատճառը բանակի անձեռնահաս ղեկավարումն է, ծայրահեղ կոռումպացվածությունը, բիրտ ուժի չգրված օրենքը, որ գործում է զինված ուժերում, եւ բանակի քաղաքականացվածությունը: Այս հանգամանքները ծայրահեղ խանգարում են զինված ուժերի նորմալ կենսագործունեությանը եւ հատկապես վնասում են զինծառայողներին, ովքեր շարունակաբար ենթարկվում են նվաստացման, ճնշումների, խոշտանգումների` ընդհուպ մինչեւ սպանությունների:
Բանակային իրականությունում առկա բազմաթիվ խնդիրներ թվարկեցինք: Ի՞նչ եք կարծում, պետությունը այդ խնդիրներիլուծման ուղղությամբ քայլեր չի՞ ձեռնարկում, թե՞ պարզապես չի ցանկանում ձեռնարկել:
-Հնարավոր է, որ պետությունը փորձում է, մենք այդ մասին տեղյակ չենք, համենայնդեպս բանակի ղեկավարությունից մենք        լուր չենք ստանում, որ արվում են ինչ-որ քայլեր: Օրինակ` շատ ուրախացանք, որ 2011-ին զոհերի քանակը նվազեց, բայց 2012-ին ուղղակի նորից սպանությունների աճ նկատվեց:  Այսինքն` այն միջոցները, որոնք ընտրել էին հանցագործությունների թիվը նվազեցնելու ուղղությամբ, արդյունավետ չէին, դարձյալ ուժի վրա էին հենված: Մենք առաջարկում ենք քաղաքացիական կյանքի էլեմնտներ ավելացնել բանակում, իսկ նրանք, ընդհակառակը, ռազմական կյանքն են ավելի խստացնում` կարծելով, թե դրանով կկորաղանան կանխել հանցագործությունները: Այսինքն` կառավարման շնորհք չունենալը իրավիճակը շտկել չկարողանալու մի հանգամանքն է: Մյուս հանգամանքը անձնական շահագրռվածությունն է եւ կոռումպացվածությունը:
Բանակում բռնությունները շարունակական են դարձել: Ո՞րն է դրանց պատճառը, հնարավոր չէ՞ կանխել:
-Բանակում շարունակում է կիրառվել բիրտ ուժը ու այս առումով ես 3 հանգամանք կարող եմ նշել. առաջինը սովետական  բանակի ժառանգությունն է, երբ հայրենակցական խմբերով էին մեկը մյուսին ճնշում ու առավել արտոնյալ դիրք գրավում, մյուսը` կոռուպցիան է: Երբ զինվորին ճնշած են պահել, նա փորձում է ինչ-որ ձեւով շահագրգռել, որպեսզի նրան ավելի լավ նայեն, այսինքն` ճնշումները դարձել են շահագրգռություն ստեղծելու մեխանիզմներ: Եւ երրորդ պատճառը քաղաքական է: Սպաներին թույլատրվում է վարվել այնպես, ինչպես ուզում են` թալանել ամբողջ զորամասը, պետության հաշվին դուրս գրված վառելիքը տուն տանել, զինվորներին ստրուկների պես իրենց խոզերի ֆերմաներում աշխատացնել…եւ այլն եւ այլն: Այս ամենը թույլատրվում է, որպեսզի տարբեր քաղաքական իրադրությունների` մասնավորապես ընտրությունների ժամանակ, այդ սպաները ենթարկվեն գերագույն գլխավոր հրամանատարին, որպեսզի հանկարծ չընդվզեն եւ իրենց զինվորիներին շարքով-կարգով բերեն քվերակել տան իշխող կուսակցության օգտին, քանի որ բանակի գերագույն հրամանատարը իշխող կուսակցության նախագահն է: Ինչպես նաեւ ֆորս-մաժորային իրավիճակներում` ինչպիսին մարտի 1-ն էր, սահմանը դատարկել, թողնել հակառակորդի դիմաց բաց ու զինվորիներին բերել քաղաքական հաշվեհարդար տեսնելու:
-2013թ. 28 օրում սպանությունների 4 դեպք: Բանակի օրվա առթիով Ձեր նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջէինք նշել: Արդյոք բանակային սպանությունների նման տեմպերով հնարավոր է ինչ-որ բան փոխել:
-Ես համոզված եմ, որ բանակը հնարավոր է կարգի բերել, շատ ավելի հեշտ, քան մնացած բնագավառները, որովհետեւ բանակը հրամանով ղեկավարվող մարմին է:
Ինչպե՞ս եք տեսնում բանակի բարեփոխման ուղիները:
-Նախեւառաջ քաղաքական կամք է պետք, բանակի ապաքաղաքականացում, կոռուպցիայի վերացում, զինված ուժերի կառուցվածքային փոփոխություններ, եւ արմատական բարեփոխումներ: Մենք չպետք է մոռանաք, որ բանակը կազմավորվել է պատերազմական իրավիճակում, եւ ուղղակի ժամանկ չկար զինված ուժերը նորովի ձեւավորելու համար, ժառանգել ենք Սովետական Միության կառուցվածքը, այս բոլորը հասկանալի է, բայց հիմա` խաղաղ պայմաներում, այսպիսի խնդիրների առկայությամբ շատ հրատապ է դառնում զինված ուժերը բարեփոխելը:
Ո՞վ պիտի դա անի:
-Ես կարծում եմ, որ ներկայիս իշխող խավը չի կարող դա իրականացնել, եթե անգամ շատ ուզի, որովհետեւ արդեն ուշացել է, որովհետեւ արդեն ամբողջությամբ թաթախված է բանակի արատների մեջ, այդ արատների հեղինակն են, եւ եթե սկսի արատները վերացնել, նշանակում է, ինքն իրեն է վերացնում: Բանակի արատների մեջ չմոռանանք նաեւ  արդարատաության համակարգը, որը Հայաստանում այլանդակված է ուղնուծուծով, մի հատվածն է ռազմականացված է, այսիսնքն` կա զինվորական դատախազություն, քննչական ծառայություն, որ ենթարկվում է պաշտպանության նախարարությանը, գոյություն ունի ռազմական ոստիկանություն ու սրանք էլ ավելի հակաօրինական գործունեություն են ծավալում, քան արդարադատության մնացած համակարգը:
Բազմաթիվ սպանությունների գործով դատավարությունների եք մասնացել, բոլորն են հիշում նաեւ Ձեր եղբոր հետ կապվածհայտնի դատավարությունը: Ի՞նչ եզրահանգման եք եկել, ինչքանո՞վ է օբյեկտիվ մեր արդարադատության համակարգը:
-Ընդհանրապես զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների հետ կապված որեւէ քննություն օբյեկտիվ չէ, եթե անգամ մեղավորները բացահայտվում են, նրանք մեծ մասամբ համաչափ պատիժ չեն ստանում: Քննչական ծառայության ու ռազմական ոստիկանության ջանքերով ստեղծվում է հանցագործության կեղծ պատկերը, որը եւ հաստատվում է զինվորական դատախազության կողմից: Մահերը մեծ մասամբ ՊՆ-ի կողմից գնահատվում են որպես ինքնասպանություն, դժբախտ պատահար եւ այլն: Մարդասպաններին բացահայտելու ցանկություն ես չեմ տեսել զինված ուժերում,  սա ամենասարսափելին է եւ ամենավտանգավորը: Զինված ուժերում շարունակում են ծառայել եւ զինվորներին ահաբեկել մի շարք հանցագործներ, ովքեր պիտի ճաղերի հետեւում լինեին, բայց հիմա ազատության մեջ են: Մահվան գործերով ձեռագիրը գրեթե նույնն է` ինքնասպանություն, ինքնասպանության գործիքի վրա մատնահետքեր չկան, վկաներից ցուցմունքները կորզվել են` նրանց ապօրինի ազատազրկման մեջ պահելով ու խոշտանգուների արդյունքում, ամբաստանյալները կամ երկրորդական մարդիկ են կամ հանցագործության հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ, ու ամեն կերպ ոչնչացվում են իրեղեն ապացույցները, թաքցվում են իրական վկաները:
Բանակային սպանությունների թեման վերջին տարիներին է առավել հրապարակային դարձել, ստեղծվել են տարբերնախաձեռնություններ, այդ թվում նաեւ «Բանակն իրականում» —ը: Ի՞նչ են հասել այդ նախաձեռնությունները ու կոնկրետ«Բանակն իրականում»ն այս ընթացքում:
-«Բանակն իրականում» նախաձեռնության հաջողությունը երեւի իրազեկվածության  բարձրացումն է, ինչը հնագեցրել է նրան, որ եթե նախկինում 1-2 լրագրող էին լուսաբանում զինված ուժերում մարդու իրավունքների խախտման դեպքերը, այսօր արդեն  լուսաբանում են գրեթե բոլոր լրատվամիջոցները: Տաբուն արդեն կոտրված է, թեման այլեւս բաց է քննարկման համար: Մյուս դրական արդյունքն այն է, որ բանակի ղեկավարությունը եւս խոսում է այդ մասին, այլ հարց է, թե ինչպես է նկարագրում իրական իրավիճակը կամ ինչ կամք է դրսեւորում դրանք լուծելու համար, բայց ամեն դեպքում` գոնե խոստովանում են, որ գոյություն ունեն որոշ խնդիրներ: Մենք կարողացանք նաեւ հասնել նրան, որ խնդիրը բարձրացվեց քաղաքական օրակարգ: Ու երբ բանակային խնդիրները ընտրությունների շրջանում են դառնում քաղաքական դիսկուրսի առարկա, այդ դեպքում հնարավոր է, որ հաջորդը քայլը լինի խորհրդարանական լսումները եւ ինչ որ բան փոխելու քայլերը:
Զրուցեց` Մարինե Պետրոսյանը
http://www.asparez.am/banakn_irakanum_covinar_nazaryan-hy/#.WnGfKainHIX

No comments:

Post a Comment