Wednesday, March 13, 2013

Մեղադրական ճառը 13,03,2013

Մեղադրական ճառը 1.5 տարվա դատաքննությունից հետո նույն մեղադրական եզրակացությունն էր

Մարտի 13-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ 2010 թ. Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ մեղադրող դատախազներ Հարություն Հարությունյանը և Հայկ Հարոյանը հանդես եկանմեղադրական ճառով:
Դատական նիստին ներկա էր Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացուցիչ Նելլի Հարությունյանը, ով փաստեց, որ մեղադրողների ճառը կազմված էր մեղադրական եզրակացության հիման վրա, որը կազմվել էր մեկ և կես տարի առաջ: Մեկ և կես տարի տևած  դատավարության ընթացքում  դատաքննվել են բազմաթիվ վկաներ և փորձագետներ: Դատաքննության ընթացքում պարզվել և երևան են եկել տարբեր հանգամանքներ: Արտակ Նազարյանի գործով բոլոր մեղադրվողները, ովքեր նախկինում տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ,  դատարանում հայտարարել են, որ ՌՈ-ում իրենց պահել են ապօրինի և ճնշումների ու խոշտանգումների միջոցով են կորզել մեղադրական եզրակացության համար անհրաժեշտ ցուցմունքները: Մեղադրյալներից ոչ մեկն իր մեղքը չի ընդունել ողջ դատաքննության ընթացքում: Մեղադրողները  և  դատարանը այդ հայտարարությանը չեն  անրադարձել և մեղադրող կողմը իր դիրքորոշումը չի փոխել:
Մեղադրող կողմը մեղադրյալ Հակոբ Մանուկյանի համար պահանջեց 13 տարվա ազատազրկում, Վահագն Հայրապետյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի և Մխիթար Մխիթարյանի համար՝ 4 տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանի համար՝ 2 տարվա:
Այնուհետև դատարանը դիմեց Արտակ Նազարյանի իրավահաջորդ Ծովինար Նազարյանին, որպեսզի նա հանդես գա Ճառով, բայց Ծովինար Նազարյանը ճառին պատրաստվելու համար 2-3 շաբաթ ժամանակ խնդրեց: Դատարանը  ճառի համար մինչև մարտի 26-ը ժամանակ հատկացրեց: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 26-ին:
Հիշեցնենք, որ 31-ամյա պայմանագրային զինծառայողի մահվան գործով ՀՀ ՊՆ քննչական ծառայության կատարած նախաքննության արդյունքում գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում:  Նախաքննության ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչներ փաստաբան Մուշեղ Շուշանյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, հիմնվելով դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների վրա, պնդում են, որ Արտակ Նազարյանին սպանել են և ինքնասպանության մասին խոսք լինել չի կարող:
http://armhels.com/2013/03/14/meghadrakan-jary-mekukes-tarva-dataqnnutyunic-het-nuyn-meghadrakan-ezrakacutyunn-er/

No comments:

Post a Comment