Monday, July 29, 2013

դատախազը սովոր է բացարկներին (video)

29.07.2013 | արդար դատաքննության իրավունք
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում  դատավոր Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 07.05.2013թ.-ին կայացրած դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Մուշեղ Շուշանյանի, ինչպես նաև գործով ամբաստանյալ սպաների բողոքների քննարկումը:   


Նիստի սկզբում տուժող կողմը բացարկի միջնորդություն հայտնեց մեղադրանքը պաշտպանող  զինվորական դատախազ Հարություն Հարությունյանին:   

«Դեռ Առաջին ատյանում տուժող կողմը հայտարարել է, որ Նազարյանի գործով կատարվել է կեղծ նախաքննություն, իսկ այն հսկել է դատախազ Հարություն Հարությունյանը», բացարկ ներկայացնելու հիմքերը ներկայացրեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը, ով ասաց, որ նախաքննության ու դատավարության  ողջ ընթացքը խոսում է այն մասին, որ հսկող դատախազ Հարությունյանն ունեցել է անձնական շահագրգռություն և չի պահանջել լրացնել բացթողումները:   

Մարտիրոսյանը մատնանշեց բազմաթիվ հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում դատախազի ներկայացրած «ինքնասպանության հասցնելու» մեղադրանքը.   

«Նազարյանի մոտ հայտնաբերվել է այնքան փամփուշտ որքան նա ստացել էր, այդ դեպքում ինչպե՞ս է նա կրակել, եթե փամփուշտները տեղում էին: Զենքի վրա չեն հայտնաբերվել նաև մատնահետքեր, ինչպե՞ս կարող էր Արտակը ողջ օրը լիներ այդ զենքով, սակայն մատնահետքեր չհայտնաբերվեին», այս և այլ կարևոր հանգամանքներ ներկայացրեց Մարտիրոսյանը` նշելով, որ ոչ նախաքննական մարմինը և ոչ էլ Առաջին ատյանի դատարանը որևէ քայլ չեն ձեռնարկել այս կարևորագույն հանգամանքների պարզաբանման համար, իսկ հսկող դատախազ Հարությունյանը միայն խոսչընդոտել է արդարադատության իրականացմանը:   

Տուժող կողմի ներկայացուցիչներն ասացին նաև, որ դատախազը ճնշում է գործադրել վկաների վրա և մշտապես դեմ է հանդես եկել նոր հանգամանքների ու փաստերի բացահայտմանն ուղղված փորձաքննություններին ու այլ միջնորդություններին:   

«Մենք միջնորդել էինք, որ Հարությունյանը քրեական պատասխանատվության ենթարկվի, նա դատարան է բերել չբացահայտված սպանություն և իրավունք չունի այստեղ մեղադրանք պաշտպանել», տուժող կողմի դիրքորոշումը վերահաստատեց Ռուբեն Մարտիրոսյանը:   

Բացարկին միացան  բոլոր ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները: Գործով հիմնական մեղադրյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Արմինե Ղասաբողլյանն ասաց, որ գործով ի սկզբանե քննարկվել է միայն ինքնասպանության վարկածը և բոլոր աշխատանքները տարվել են դա հաստատելու ուղղությամբ , այնինչ առնվազն երեք վարկած կարող էր լինել:   

Փաստաբան Գևորգյանն էլ ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել մինչև դատահոգեբանական փորձաքննության եզրակացություն ստանալը և փաստորեն քննիչն ինքն է ուղղորդել փորձագետին:   

Ի պատասխան ներկայացված մեղադրանքների` դատախազ Հարություն Հարությունյանն ասաց, որ ներկայացված պատճառաբանություններից ոչ մեկն էլ իրականության չի համապատասխանում, սակայն մանրամասն անդրադառնալ դատախազը չցանկացավ. «Ես պարտավոր եմ իմ աշխատանքը կատարել, ես սովոր եմ բացարկներին»:   

Այդուհանդերձ, դատախազ Հարությունյանը, դատավորների պնդմամբ, ստիպված եղավ որոշ հանգամանքներ պարզբանել: Նա ասաց, որ Նազարյանին տրված փամփուշտներն իրոք նույնությամբ գտնվել են, սակայն զենքի պարունակը կարող էր և մեկով ավելի փամփուշտ տեղավորել: Մատնահետքերի վերաբերյալ դատախազն ասաց, որ մատնահետքեր եղել են, սակայն դրանք նույնացման համար պիտանի չեն եղել:   

Քննարկելով դատախազին բացարկ հայտարարելու միջնոդությունը` դատարանը որոշեց, որ  բացարկի  համար ներկայացված հիմքերը կրկնում են վերաքննիչ բողոքում բերված պատճառները և այս փուլում դրանց գնահատման համար հիմքեր չկան, ուստի դատարանը պետք է մերժի միջնորդությունը:   

Անցնելով դատավարությանը, փաստաբան Հրանտ Գևորգյանը ներկայացրեց միջնորդություն որպեսզի դատաքննությունն իրականացվի վերաքննության կարգով, այլ ոչ թե վճռաբեկության, ինչպես ընդունվել էր վարույթ: Նշենք, որ դատաքննության կարգի կարևորությունը նրանում է, որ վերաքննության կարգով անցկացնելու դեպքում կա հնարավորություն ներկայացնել նոր հանագամանքներ, ինչը չի նախատեսվում վճռաբեկության կարգի դեպքում:   

Դատարանը որոշեց, որ այս միջնորդությանը կանդրադառնա բերված բողոքները լսելուց հետո:   

Դատարանում ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպանները ներկայացրեցին իրենց վճռաբեկ բողոքը`մատնանշելով բազմաթիվ ու տարատեսակ օրինախախտումներ ու բացթողումներ, որոնք ազդել են իրենց պաշտպանյալի վերաբերյալ առաջին ատյանի կայացրած վճռի վրա: Մասնավորապես, նշվեց, որ վկաներից ցուցմունքները ձեռք են բերվել նրանց ապօրինի կալանքի տակ պահելու եղանակով, ողջ դասակի ուղիղ կեսը`հինգ հոգի, դարձել են վկա, իսկ մյուս հինգը`մեղադրյալ:   

Պաշտպան Ղասաբողլյանը պատմեց, որ վկաներից մեկից`չկարողանալով անհրաժեշտ ցուցմունք ստանալ, կալանքի տակ են վերցրել գործի հետ ոչ մի առնչություն չունեցող նրա նորակոչիկ եղբորը և պահել այնքան, մինչև, որ վկան դատարանում տվել է անհրաժեշտ ցուցմունքը:   

«Եթե  անդրադառնանք բոլոր խախտումներին կլինի մի քանի հատոր», ասաց պաշտպան Գևորգյանը, նա նշեց, որ Առաջին ատյանի դատավճիռը գրվել է քննիչի կողմից, քանի որ մեղադրանքը դատարան ներկայացնող դատախազը արտագրել է քննիչից, իսկ վճիռ կայացնող դատավորն էլ նույնությամբ գրել է դատախազի բերած մեղադրանքը`    

«Մեկ ու կես տարի Իջևան ենք գնացել-եկել, որ դատավորն արտագրի դատախազի մեղադրանքը»: Պաշտպանը մատնանշեց նաև, որ շատ եզակի դեպքերում է լինում, որ տուժողներն ու մեղադրյալները լինեն համակարծիք, ինչպես այս դեպքում է:   

Հակոբ Մանուկյանի պաշտպան Գևորգյանը իր պաշտպանյալի համար հնարավոր համարեց միայն Քր.դատ.օրի 275 հոդվածի 1-ին մասով մեղադրանքը, որով նա ըստ նախագահի համաներման պետք է ազատվի պատժից. «Մնացած մասերով վճիռը  պետք է բեկանվի», նշվում է պաշտպանի բերած վճռաբեկ բողոքի մեջ:   

Առաջին ատյանի վճռի բեկանում խնդրեց նաև ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպանը, ով ասաց, որ իր պաշտպանյալը քավության նոխազի կարգավիճակում է հայտնվել:   

Վերաքննիչ բողոքի հիմքերն ու հիմնավորումները ներկայացրեց նաև տուժող կողմը:   

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում  միջադեպ գրանցվեց մինչև դատական նիստերի դահլիճ մտնելը, երբ Արտակ Նազարյանի հարազատներն անցնում էին դատարանի ստուգման կետով: Ստուգումն իրականացնող անհայտ կինը (առկա չէր ոչ համապատասխան համազգեստը, կամ անունը նշող կրծքանշանը , նաև հրաժարվեց ներկայանալ) ակնհայտ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերում դատական նիստին մասնակցելու եկած անձանց հանդեպ: 

Մահացած սպայի քույրը` Ծովինար Նազարյանը, պատմեց, որ երբ ինքը փորձել է հետաքրքրվել, թե ինչու ի տարբերություն իրենց դատարան եկող դատախազը ստուգում չի անցնում, ստուգող կինը սկսել է գոռգոռալ, ինչպես նաև հարվածել է Նազարյանի ձեռքին` ով փորձել է հեռախոսով նկարահանել կնոջը: 

 Հաջորդ նիստը տեղի կունենա վաղը` հուլիսի 30-ին ժամը 14:30-ին: 

Արտակ Համբարձումյան 
https://www.youtube.com/watch?v=svzlchzR2pc


http://forrights.am/?ln=1&id_=12&page_id=82

No comments:

Post a Comment