30.07.2013 | արդար դատաքննության
իրավունք
Այսօր
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում լեյտենանտ Արտակ Նազարյանի
մահվան գործով Տավուշի մարզի ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարանի վճռի
դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների մասին արտահայտվելու համար դատարանը լսեց գործով
մեղադրող Հարություն Հարությունյանին , ով վերահաստատեց մեղադրող
կողմի դիրքորոշումը, որ մեղադրանքն ապացուցված է և առաջին ատյանի վճիռը
պետք է թողնել անփոփոխ:
Մեղադրող Հարությունյանն անդրադարձավ բերված բողոքների
մեջ նշված միայն մի քանի հանգամանքների, մյուս փաստարկներին չանդրադարձավ`նշելով,
որ դրանց պատասխանը կա դատական ակտում: Նա հղում էր անում նախաքննական մարմնի տվյալներին,
իսկ պաշտպանական և տուժող կողմերի ներկայացրած որոշ խախտումների, մասնավորապես, զինծառայողներին
ապօրինի կալանքի տակ պահելու մասին ասաց, որ քննություն է տարվել և որևէ
հանցանք չի բացահայտվել:
Տուժող կողմը վերաքննիչ բողոքում նշել էր, որ առաջին
ատյանի դատարանը կանխակալ է եղել ու չի ապահովել կողմերի հավասարության իրավունքը,
ինչի ապացույցն է այն, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը
հինգ անգամ հեռացվել է դատական նիստերի դահլիճից:
Մեղադրողը պնդեց, որ դատարանն ուներ հիմքեր հեռացնելու,
քանի որ Մարտիրոսյանը դրսևորել է անպարկեշտ վարք, դատախազն, անգամ, պնդեց, որ Մարտիրոսյանը
հարբած է եղել նիստի ժամանակ:
«Է՞դ որտեղից հորինեցիր», դատարանի դահլիճից արձագանքեց
մահացած սպայի մայրը`Հասմիկ Հովհաննիսյանը:
Նազարյանի հարազատների բուռն ընդվզումն առաջացրեց նաև
փամփուշտների վերաբերյալ դատախազի արտահայտած կարծիքը: Տուժող կողմը բազմիցս էր բարձրացրել
այն հարցը, որՆազարյանին տրամադրված բոլոր փամփուշտները տեղում են եղել, և հարց է առաջանում,
թե ինչ փամփուշտով է Նազարյանը «ինքնասպան» եղել, ինչպես պնդում է մեղադրանքի կողմը:
«Հռետորական է հարցը, թե որտեղից Նազարյանին այն մեկ
փամփուշտը, միայն Նազարյանը կարող է ասել, թե որտեղից է այն եղել իր մոտ», հղում
անելով մահացած սպային ասաց մեղադրողը:
«Դատախազի հնչեցրած խոսքի մեջ որևէ կոնկրետ հակափաստարկ
բերված բողոքներում առկա փաստերի վերաբերյալ չկար», գնահատելով մեղադրողի խոսքը` ասաց
փաստաբան Մուշեղ Շուշանյանը, հավելելով, որ դատախազն, ընդամենը, փորձ է անում գործի
տվյալների վրա չհիմնվող ընդհանուր բնույթի դատողություններով թյուր տպավորություն ստեղծել,
թե իբր պաշտպանության կողմի և տուժող կողմի ներկայացրած բողոքները որևէ լուրջ փաստարկ
չեն պարունակում:
«Կարող ենք ասել, որ նա ասելիք չուներ և խուսափեց շատ
կոնկրետ և հիմնավոր փաստարկների վերաբերյալ հակադարձումներով հանդես գալուց
Դատարանն այսօր էլ չհստակեցրեց վերաքննության կարգին
անցնելու հարցը: Նախագահող դատավոր Մելիք-Սարգսյանն ասաց, որ պետք է կողմերը
ներկայացնեն իրենց միջնորդությունները, որպեսզի պարզ լինի, թե արդյոք կան հիմքեր վերաքննության
կարգով գործը քննելու համար:
Նման մոտեցումը խիստ զարմանք հարուցեց փաստաբան Շուշանյանի
մոտ, ով ասաց, որ նման բան առաջին անգամն է տեսնում և դատարանը պետք է հենց առաջին
նիստին որոշում կայացներ`անցնում է վերաքննության կարգին, թե ոչ:
«Թե պաշտպանության կողմը, թե տուժող կողմը հանդես են
եկել վերաքննության կարգին անցնելու միջնորդությամբ, մենք հիմնավորել ենք, որ առաջին
ատյանում մերժված կամ քննության չառնված միջնորդությունների բավարարման պարագայում
է միայն հնարավոր խոսել, որ վերաքննիչ դատարանը սույն գործով իրականացնում է արդարադատություն»,
ասաց Շուշանյանը:
Այդուհանդերձ, կողմերը ներկայացրեցին այն միջնորդությունները
որոնք պետք է քննարկվեն, եթե դատարանը որոշի անցնել վերաքննության կարգին:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը
ներկայացրեց գործի համար կարևորագույն նշանակություն ունեցող` կրկնակի հետմահու
դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու միջնորդություն: Պաշտպանը նշեց, որ նախաքննության
ժամանակ նշանակված փորձաքննությունը չէր կարող տալ հավաստի եզրակացություն, քանի
որ չկա նման գիտական մեթոդիկա, երբ կարողանան ալկոհոլի միջին աստիճանի ազդեցության
տակ գտնվող անձի հոգեբանական վիճակը ախտորոշել:
Սա հաստատել էր նաև հենց Նազարյանի գործով համալիր
դատահոգեբանական փորձաքննություն իրանացրած փորձագետը` Էլդա Գրինը, կատարված մասնավոր
հարցման մեջ դատահոգեբանն ասել էր, որ ալկոհոլի միջին աստիճանի ազդեցության տակ
գտնվող անձի հոգեբանական վիճակն ախտորոշելը առնվազն անգրագիտություն է:
Ըստ պաշտպանների` փորձաքննությունը թերի էր եղել նաև
այն պատճառով, որ քննիչը փորձագետին է ներկայացրել սխալ ելակետային տվյալներ, փոփոխված
է եղել նաև Արտակ Նազարյանի բնութագիրը: Նախաքննական մարմինը նրան ներկայացրել էր որպես
թույլ հրամանատար, այնինչ դատարանում վկաները փաստեցին հակառակը:
Փաստաբան Շուշանյանն ասաց, որ այս փորձաքննությունն,
իր համոզմամբ, կարող է բացահայտել այս գործով ողջ ճշմարտությունը:
Հակոբ Մանուկյանի պաշտպանները ներկայացրեցին ևս երկու
կարևոր միջնորդություն, որոնց բավարարումը էական նշանակություն կարող է ունենալ գործի
բացահայտման համար:
Միջնորդություններ ունեին նաև տուժող կողմի ներկայացուցիչները:
Փաստաբան Շուշանյանը միջնորդեց անթույլատրելի ճանաչել կալանքի տակ գտնված վկաների տված
ցուցմունքները, քանի որ նրանք կալանվել են ապօրինի կերպով և զրկված են եղել իրենց իրավունքների
լիարժեք իրականացումից:
Նշենք, որ վկայություն տված 14 զինվորներից 32 ցուցմունք
վերցվել է կալանված ժամանակ: Շուշանյանը հաստատեց նաև, որ պնդում են առաջին ատյանում
ներկայացված բոլոր միջնորդությունները:
Այդուհանդերձ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն
ասաց, որ հենվելով այսօրվա դատաքննության ընթացքի վրա ինքը կարող է համոզմունք հայտնել,
որ Վերաքննիչ դատարանը, չունենալով արդարադատություն իրականացնելու նպատակ, առհասարակ
մտադիր չէ անցնել վերաքննության կարգին, որովհետև եթե նրանք սկսեն մեկ առ մեկ քննության
առնել ներկայացրած միջնորդությունները, հայտնվելու են ցավալի վիճակում.
«Դատարանը ներկա պահին, ընդամենը, դատավարության մասնակիցների
միջնորդությունները լսելու իմիտացիայով է զբաղված, հաջորդ դատական նիստին նրանք
հայտարարելու են, որ վերաքննության կարգին անցումը մերժվում է և անմիջապես անցնելու
են խորհրդակցական սենյակ:»
Դատավարությունը հետաձգվեց, որպեսզի մեղադրողին հնարավորություն
տրվի ներկայացված միջնորդությունների վերաբերյալ կարծիք արտահայտել: Հաջորդ նիստը տեղի
կունենա օգոստոսի մեկին` ժամը 15:00-ին:
դատարանը չի հստակեցնում դատավարության անցկացման կարգը
Արտակ Համբարձումյան
No comments:
Post a Comment