Friday, June 10, 2011

Էլդա Գրինի “ինքնասպանությունը”

Էլդա Գրինի “ինքնասպանությունը”

  • Իրավունք - 10 Հունիսի 2011, 16:23
ԵՊՀ պրոֆեսոր, հայտնի հոգեբան Էլդա Գրինը համոզված է, որ 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի թիվ 21127 զորամասում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանն ինքնասպանություն է գործել։ Այս մասին նա հայտարարեց այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Թեև մահվան այս գործով նախաքննությունը դեռ ավարտված չէ, Էլդա Գրինը, որը ներգրավված է որպես փորձագետ, այն որպես բանակում կատարված ինքնասպանության օրինակ բերեց։
 
Ասուլիսի ժամանակ նա հրապարակեց իբր Արտակ Նազարյանի ձեռքով գրված նամակը.
 
«Էս քայլին ես դիմում եմ ստիպված։ Հոգնած ամեն, ամեն, ամեն ինչից, իմ ծնողների դաստիարակությունից, կյանքում տեղս չգտնելուց, երազել չկարողանալուց։ Ոչ ոք մեղավոր չէ, ոչ ոք։ Միայն ես ու իմ ծնողները»։ «Լրագրի» հարցին, թե համոզվա՞ծ է արդյոք, որ հենց Արտակ Նազարյանն է գրել այս նամակը, հոգեբանը պատասխանեց.
 
«Ոչ մի կասկած չկա, թեև ծնողները չեն հավատում և ուզում են արտասահման ուղարկել այս գրությունը, տեսնելու համար արդյոք ինքնէ գրել,թե ոչ։ Թեև եթե ստիպում են, որ ինքնասպանություն կատարի, երբեմն ստիպում են նաև, որ ինքն իր ձեռքով գրի։ Բայց այս դեպքում այդպես չէր։ Որովհետեւ ոճը, ամեն ինչը՝ «երազել չկարողանալով» ուրիշի մտքով չէր անցնի դա»։
 
Էլդա Գրինն ընգծեց, որ ինքը նաև լավ ձեռագրաբան է, և որ ուսումնասիրելով գրությունը, համոզվել է, որ իրոք, այն գրված է Արտակ Նազարյանի ձեռքով։
 
Էլդա Գրինին մի քանի հարց ուղղեցինք։
 
- Համոզվա՞ծ եք արդյոք, որ հենց Արտակ Նազարյանն է գրել այս նամակը։ 
 
- Ոչ մի կասկած չկա, թեև ծնողները չեն հավատում և ուզում են արտասահման ուղարկել գրությունը, տեսնելու համար, արդյոք ինքն է գրել, թե ոչ։ Բանակում, եթե ստիպում են, որ ինքնասպանություն կատարի, երբեմն ստիպում են նաև, որ ինքն իր ձեռքով գրի։ Բայց այս դեպքում այդպես չէր։ Որովհետեւ ոճը, ամեն ինչը՝ «երազել չկարողանալը» - ուրիշի մտքով չէր անցնի դա։ Այո, ասեմ, լրիվ հստակ է, որ ինքն է գրել։ Ոճը համընկնում է ներաշխարհի հետ։ Ինձ ներկայացրեցին նրա մի քանի տետրերը։ Ես նայեցի։ Չտեսնված հետաքրքրասեր էր՝ պատմությունից, ճարտարապետությունից, ամեն ինչից նա քաջատեղյակ էր ու շատ պարտաճանաչ, չափված-ձեւված երիտասարդ էր։ Նույնիսկ ինչ ծախսեր պետք է անի, գրում էր։
 
- Եթե քրիստոնյա էր, ինչո՞ւ է իրեն սպանել։ 
 
- Ծնողները ինձ այդ հարցը տվել են։ Եթե նա քրիստոնյա է, ինչպես կարող էր դիմել այդ քայլին։ Բայց, ըստ երեւույթին, արդեն ինքը չէր կարող դիմանալ։ Եւ ոչ ոք, քար էր լիներ, չէր կարող դիմանալ այդ մթնոլորտին։
 
- Ասում եք, որ բանակում ինքնասպանությունների աճ է գրանցվել։
 
- Այո։
 
-  Դուք ունե՞ք Ձեր թվերը։ Որպես փորձագետ, ի՞նչ թվերի վրա եք հենվում, ասելով, որ աճ է գրանցվել։
 
- Ես թվերի վրա չեմ հենվում։ Բերում են գործերը։ Ես գրում եմ իմ եզրակացությունները։
 
- Վերջին երկու տարում մոտավորապես քանի՞ բանակայինի ինքնասպանության գործ եք ունեցել, որպես փորձագետ։
 
- Ես չեմ կարող ասել, բայց շատ են։
 
- Բազմաթիվ դեպքեր կան, երբ բանակայինի մահը որակվում է որչպես ինքնասպանություն, բայց տարիներով քննություններ են ընթանում, և դատախազությունը չի կարողանում ապացուցել, որ դրանք ինքնասպանություններ են։ Մարդիկ չեն հավատում քննիչներին։ Դուք հավատո՞ւմ եք քննչական մարմնինների որակումներին։
 
- Այո։ Շատ հաճախ կասկած է առաջանում, ինքնասպանություն է , թե սպանություն։ Վերջերս ես մի գործով եզրակացություն էի տվել, և գրել էի, որ ոչ մի ապացույց չկա, որ դա ինքնասպանություն է։ Չկար ոչ մի հետք, ոչ մի ապացույց։ Դեպքը Հադրութում էր եղել, Ղարաբաղում։
 
- Կասե՞ք զինծառայողի անունը։
 
- Անուն չեմ ցանկանում նշել, բայց որ դուք կարդաք, կսարսափեք, թե ինչ էին արել այդ երեխային։
 
- Չե՞ք գտնում, որ չափազանց հաճախ են բանակում մահացած տղաների գրպաններից թուղթ հանում, որտեղ գրված է, որ պատճառը ծնողն է, ընտանիքի աղքատությունը, և այլն։ Չե՞ք կարծում, որ այս կերպ պետությունը փորձում է բանակայինի մահվան պատասխանատվությունն իր վրայից գցի ծնողի վրա։
 
- Այո, համամիտ եմ։ Թեև եթե ընտանիքը աղքատության մեջ է, էլի մեղավոր է պետությունը։ Ծնողն ի՞նչ մեղք ունի։
 
- Լինո՞ւմ են դեպքեր, երբ դուք, որպես փորձագետ, ճնշումների եք ենթարկվում։
 
- Այո, բայց ես համեմատաբար կարողանում եմ խուսափել ճնշումներից։ Ես ավելի ինքնություն եմ, որովհետեւ նախ ինձ հետ հաշվի են նստում։ Հետո, ես ավելի ինքնուրույն եմ։
 
- Բանակայինների «ինքնասպանության» գործերից, որոնց վերջին երկու տարում մասնակցել եք որպես փորձագետ, ո՞ր մասն է Ձեզ կասկածելի թվացել։
 
- Ես չեմ կարող ստույգ ասել։

http://www.lragir.am/index/arm/0/right/view/49196

No comments:

Post a Comment