Արտակ Նազարյանի գործով հարցաքննեցին Մեհրաբներ զորամասի գրագրին
Երեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջևանի նստավայրում տեղի ունեցավ պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական դատական նիստը: Այս անգամ հարցաքննվեց Գարեգին Սայադյանը, ով «Մեհրաբներ» զորամասում ծառայում էր որպես գրագիր: Իրեն ուղղված հարցերին կցկտուր պատասխաններ տալը, դեպքի հետ կապված որոշ մանրամասներ մոռանալը` ներկաների մոտ սուտ խոսելու տպավորություն էր ստեղծել: Դրա փոխարեն Գ. Սայադյանը այնպիսի բաների մասին էր խոսում, ինչը կասկածանքի առիթ էր տալիս: Մասնավորապես վկան նշել էր, որ 100-150 մետր հեռավորությունից զոհված Արտակ Նազարյանի դեմքին արյուն է տեսել, իսկ այնուհետև ավելացրել, թե հեռավորությունը գուցեև շփոթում է: Ի վերջո տուժողի իրավահաջորդի իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը վկային խորհուրդ տվեց դատարանում ճիշտ խոսել, ասելով, որ` “Նաեւ ձեր ստերի պատճառով են այդ մարդիկ հայտնվել այստեղ”:
Վկան խոսեց նաև այն մասին, որ դեպքից մեկ օր առաջ երեկոյան Արտակի հետ միասին սուրճ է խմել, այնինչ դատաբժշկական փորձաքննության արդյունքում Նազարյանի մարմնում ալկոհոլ էր հայտնաբերվել: Վկայի նման “անկեղծությունից” հետո իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը հայտնեց, որ միջնորդելու է Գարեգին Սայադյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն` սուտ ցուցմունքներ տալու համար:
Վկայի ցուցմունքները մեծ տհաճությամբ լսելով` ամբաստանյալ Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Մանվել Մխիթարյանը, ի վերջո պայթեց: Վերջինիս խոսքով, դատից առաջ Գ. Սայադյանն իրեն վստահեցրել էր, որ ամբաստանյալ զինվորները մեղավոր չեն, և ինքը դատարանում կներկայացնի ողջ ճշմարտությունը: Կարգը խանգարելու համար դատավոր Սամվել Մարդանյանի հրահանգով Մանվել Մխիթարյանը դուրս հրավիրվեց դահլիճից: Եվ նրան արգելվեց մասնակցել այդ օրվա դատական նիստի հետագա ընթացքին:
Աշխատանքային օրվա վերջին այդպես էլ չհաջողվեց ավարտել Գ. Սայադյանի հարցաքննությունը, և դատական հաջորդ նիստը կկայանա այսօր:

No comments:
Post a Comment