Փորձագետը խուսափում է ներկայանալ
Արտակ Նազարյանի գործով նախորդ դատական նիստը նշանավորվել էր նրանով, որ հրավիրված փորձագետ Վիգեն Ադամյանը, այդպես էլ դուրս չգալով դատարանի դահլիճից, անհայտ ուղիներով լքել էր այն: Դատարանը կրկին բավարարել էր նրան հրավիրելու միջնորդությունը և այդ հրավերին ի պատասխան՝ փորձագետն այսօր ուղարկել էր բավականին հուզական մի գրություն:
«Ընդմիջման ժամանակ տուժողի ներկայացուցիչները և այլ անձինք ծաղրուծանակի են ենթարկել ինձ, վիրավորել իմ անձը, սպառնալիքներ հղել ինձ՝ փորձելով ներքաշել վեճի, քաշքշուկի մեջ, որի պատճառով ունեցել եմ բարոյական խիստ ապրումներ, խնդրում եմ գործի քննությունը շարունակել իմ բացակայությամբ»:
Ի դեպ, նշված ընդմիջմանը փորձագետը դահլիճից դուրս չէր եկել և չէր հանդիպել ոչ տուժող, ոչ էլ մյուս կողմերին:
«Անբարոյական դիքորոշում դրսևորող մարդը չի կարող ունենալ բարոյական ապրումներ: Ինքը եկել է այստեղ և իր ձեռքով «կտրատած» մարդու ծնողի ու քրոջ առաջ ելույթներ է ունենում և ստում է, դա՞ է իր բարոյականությունը, եթե նա բարոյական է, թող գա, կանգնի այստեղ և մենք իրեն հարցեր տանք»,- հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ծովինար Նազարյանը` նշելով, որ նամակում նշված վիրավորանքները, որ իբրև հասցվել են փորձագետին իրականում սուտ են, կեղծիք:
Փորձագետը նշել էր նաև, որ ինքը սպառիչ պատասխանել է բոլոր հարցերին, այնինչ միայն մեղադրող կողմն էր ավարտել իր հարցերը:
«Նա ոչ մի հարցի չի պատասխանել, դատարանում ցուցմունք տալիս թույլ է տվել օրենքի խախտումներ, նրա հայտարարությունները քրեօրեն պատժելի են, նա պարտավոր է գալ դատարան, կրկին անգամ տուժող կողմը միջնորդում է բերման ենթարկել Ադամյանին դատարան»,- հայտարարեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը:
Դատարանը արդեն երրորդ անգամ որոշեց հրավիրել, բայց ոչ բերման ենթարկել փորձագետին:
Այսօրվա դատական նիստում քննության առնվեց տուժող կողմից ներկայացված միջնորդությունը գործով առանցքային վկաների ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Մեղադրող Հարություն Հարությունյանը հանդես եկավ միջնորդության մերժման դիրքորոշմամբ՝ նշելով, որ բերված պատճառաբաննեություններն անհիմն են: «Չկա որևէ ապացույց, որ ապացուցի ապացույցների անթույլատրելիությունը»,- ասաց դատախազը:
Մեղադրող Հայկ Հարոյանը կարծիք հայտնեց, որ նախաքննական մարմինն այլընտրանք չի ունեցել, քանի որ զինվորները կալանքի տակ են եղել կարգապահական կանոնների խախտման համար և անազատության մեջ գտնվող անձին հարցաքննելն արգելված չէ:
Ամբաստանյալ Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը դատարանին հիշեցրեց, որ նույնիսկ հրամանատար Սեյրան Ղազարյանը այդպես էլ չկարողացավ բացատրություն տալ, թե կոնկրետ որ խախտումների համար է անազատության մեջ պահել զինվորներին: Նշենք, որ բոլոր զինվորներն էլ դատարանում հայտարարել էին, որ իրենց ՌՈ են տեղափոխել Նազարյանի մահվան հետ կապված, և որևէ մեկը չէր խոսել կարգապահական տույժերի մասին:
Դատավոր Սամվել Մարդանյանը, անդրադառնալով այս կարևորագույն` զինվորների ցուցմունքները անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդության լուծմանը, նշեց, որ անհրաժեշտ է մի շարք փաստերի և ապացույցների վերլուծություն ու համադրում, ուստի միջնորդության լուծումը հետաձգվում է և դրան անդրադարձ կլինի խորհրդակցական սենյակում:
Նշենք, որ դատարանը մի շարք հարցերի քննարկում հետաձգել է նույն պատճառաբանությամբ: Նույնիսկ մասնագիտական փորձաքննությունների հետ կապված միջնորդությունների լուծումը թողնվել է խորհրդակցական սենյակում որոշվելուն:
Այդ ճակատագրին արժանացավ նաև պաշտպանական կողմի ներկայացուցիչներ Ա. Ղասաբօղլյանի և Հ. Գևորգյանի ներկայացրած լրացուցիչ դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննություն կատարելու մասին միջնորդությունը: Նրանք նշեցին, որ փորձագետի եզրակացության մեջ չի կիրառվել օրենքով պահանջվող գիտական մեթոդիկա և նա առաջնորդվել է միայն սեփական ենթադրություններով: Չի անդրադարձվել Նազարյանի՝ մահվանից վեց ժամ առաջ հասցված մարմնական վնասվածքներին, ինչպես նաև օրգանիզմում հայտնաբերված ալկոհոլի հնարավոր կապին մահվան հետ:
Այս անգամ դատավորը, այդուհանդերձ, գնաց խորհրդակցական սենյակ և հայտարարեց, որ կվերադառնա հաջորդ նիստին՝ նոյեմբերի 21-ին:
No comments:
Post a Comment